«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Զարգացման միակ ճանապարհը փոքր հաջողությունների կուտակումով մեծ հաջողությունների գնալն է

Զարգացման միակ ճանապարհը փոքր հաջողությունների կուտակումով մեծ հաջողությունների  գնալն է
14.12.2024 | 16:18

Անղեկ ու անառագաստ վիճակն ու մեր վայ-իմաստունների լավ չմտածված խորհուրդներն էլ մի կողմից, մեզ ստիպում են լող տալ ահռելի թյուրիմացությունների ծովում՝ առանց որևէ ուղղությամբ փրկարար ափ տեսնելու։

Մեկը միավորվելու կոչ է անում, մյուսը՝ ագրեսիվ միջոցներով մեր միջի վատերի հախից գալն է տեսնում որպես փրկության ճանապարհ, երրորդն էլ կոչ է անում նախկիններին չեզոքացնելով գնալ դեպի լավ կյանք և այլն։

Մի խոսքով, բոլորը մեր վիճակի պատճառը տեսնում են մեզ և, դրանից ելնելով, փրկության տարբեր ուղիներ են առաջարկում, այսինքն, բոլորն էլ համոզված են, որ մենք մեզ հասանելի միջոցներով ի զորու ենք փոխել մեր վիճակը։

Նման բաներում հնարավորինս ճիշտ կողմնորոշվելու համար արժի երբեմն հետ դառնալ ու մեր պատմական փորձից տեսնել, թե երբ և ինչպիսի կտրուկ փոփոխություններ են եղել մեր կյանքում, ու ովքեր են եղել դրանք կատարողները։

Սկսենք Բագրատունիների ու Արծրունիների ժամանակներից, երբ դեռ հայ ժաղավուրդը այդ ժամանակների համար հսկայական տարածք էր զբաղեցնում, բայց ներքին անհամաձայնության ու պասիոնարությունը կորցնելու ճանապարհին գտնվող Բյուզանդական կայսրության կոպիտ սխալների պատճառով սկզբում ժառանգական իրավունքով երկիրը զիջվեց կայսրությանը, ապա երկուսով, հույների հետ միասին, ընկանք թուրքերի լծի տակ։

Այս դեպքում մեր ճակատագիրը որոշողը սկզբում հույներն էին, իրենց անմտագույն դավանաբանական վեճերով, հետո էլ՝ թուրքերը, իսկ մենք մեր պառակտվածությամբ միայն նպաստեցինք մեր վիճակի վատանալուն։

Դրանից հետո եկան ու գնացին մոնղոլները, Կաղ Թեմուրը, տարբեր տեսակի թուրքերը, սկսվեց մեր ու հույների թուրքացման դարերով շարունակվող պրոցեսը, ու առանց լուրջ փոփոխությունների մենք հասանք այն ժամանակներին, երբ ռուսները սկսեցին ներթափանցել մեր տարածաշրջան։

Վերջինիս արդյունքը եղավ այն, որ ռուսները գրավեցին Արևելյան Հայաստանի տարածքի մի մասը և Պարսկաստանից ու Օսմանյան կայսրությունից կազմակերպեցին համապատասխանաբար 30000 և 90000 հայերի ներգաղթը իրենց գրաված տարածք։

Այս հիրավի բախտորոշ իրադարձություններից հետո, որոնք իրականացվեցին միայն Ռուսական կայսրության նվաճողական քաղաքականության հետևանքով, և որոնց մենք այնքանով մասնակցություն ունեցանք, որ մենք դրանց օբյեկտն էինք, ոչ ավելի։

Դրանից հետո, երկար ժամանակի ընթացքում, առաջին անգամը լինելով, մենք ռուսների ձեռքով ստացանք կյանքի անվտանգություն ու կյանքի նոր որակ։

Մեր կյանքում հաջորդ շատ մեծ իրադարձությունն էր թուրքերի ու այլոց կազմակերպած գենոցիդը։

Դրան էլ հետևեց ռուսական հեղափոխությունը, որը ոտքի տակ տվեց մեր առաջին թվացյալ անկախությունը՝ փոխարինելով այն Խորհրդային Հայաստանով, որի կյանքն էլ մեզ համար եղավ վերածնունդ հիշեցնող մի բան։

Այսպես մեր կյանքը գլորվեց մինչև Խորհրդային Միության փլուզում, որի արդյունքում, մեզնից անկախ պատճառներով, մենք ստացանք մեր երկրորդ թվացյալ անկախությունը, որն էլ վայելում ենք առ այսօր։

Այս հպանցիկ հայացքը մեր վերջին 1000+ տարիների ընթացքում մեզ հետ կատարված լուրջ փոփոխությունների ոչ լրիվ ցուցակին, տեսնում ենք, որ դրանց հեղինակներն ու կատարողները եղել են ուրիշները, օտարները, իսկ մեր մասնակցությունը դրան որևէ էական նշանակություն չի ունեցել։

Այո, եղել է ներքին պայքար միմյանց հետ, եղել են մատնություններ ու դավաճանություններ, բայց որոնք ձեռնտու են եղել միայն նվաճող օտարներին։

Այսօրվա օրհասական վիճակում էլ իրադարձությունների որակական ընթացքը մնում է նույնը, որում մենք սկզբունքային բնույթի որևէ մասնակցություն ունենալուց շատ հեռու ենք և դրա ընթացքին կարող ենք խառնվել միայն ինքներս մեզ վատություն անելով։

Ամենազորեղ ապացույցն այն բանի, որ մենք լուրջ իրադարձությունների ընթացքին խառնվել չենք կարող այն է, որ մեր հնարավորության սահմաններում գտնվող որևէ իրապես դրական ու լուրջ քայլեր չենք անում, որոնց գումարը կարող էր դառնալ պլատֆորմ ավելի մասշտաբային լուրջ քայլեր անելու համար։

Զարգացման ու հզորանալու միակ ճանապարհը փոքր հաջողությունների կուտակումով դեպի ավելի ու ավելի մեծ հաջողություններ գնալն է, մի բան, որի իմիտացիան է միայն մեզ հասանելի։

Իսկ այն պնդումը, որ մենք մեր միջի վատերի հախից գալով կարող ենք նորմալ երկիր կառուցել, եթե իր մեջ ինչ-որ ռացիոնալ հատիկ էլ է պարունակում, ապա այն կիրառելի է հզոր երկրներում միայն, այն էլ որպես պետական նպատակային քաղաքականության արդյունք։

Արժի նշել նաև, որ նման քաղաքականությունը, ինչպես դա խորհրդային տարիներին էր ստալինյան ժամանակաշրջանում, կարող է նաև բերել վատ հետևանքների, քանի որ այն կարող է նպաստել տոտալ մատնության ու վախի մթնոլորտ ստեղծելուն։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3768

Մեկնաբանություններ